Ռեսուրսներ

Տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականություն

Փաստաթղթի տվյալներ

Տարբերակ

1.0

Տարբերակի ամսաթիվ

2026 թ. մայիսի 31

Հաստատված է

«ԻՄ ԱՅԴԻ » ՓԲԸ , գլխավոր տնօրեն

Փաստաթղթի անվանում

imID Sign տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականություն

Փաստաթղթի դասակարգում

Հրապարակային

Փոփոխությունների մատյան

ՏարբերակՏարբերակի ամսաթիվՓոփոխություններ

1.0

2026 թ. մայիսի 31

Առաջին տարբերակի հրապարակում

imID Sign ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

imID Sign տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականությունը իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է։

Ընտրելով «Համաձայն եմ», Օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է այս փաստաթղթի բովանդակությանը և ընդունում է այն, համաձայն է, որ Ընկերությունը ցանկացած օրինական ճանապարհով և օրենքով չարգելված բոլոր միջոցներով ստանի, մշակի, պահպանի imID Sign հարթակով Օգտատիրոջ տրամադրած անձնական և այլ տվյալները, գիտակցում է, որ imID Sign հարթակից օգտվելիս Օգտատիրոջ և Ընկերության միջև հարաբերությունները՝ imID Sign հարթակի միջոցով տրամադրած անձնական և այլ տվյալների պաշտպանության և գաղտնիության պահպանման շրջանակներում, կարգավորվելու են այս փաստաթղթի պայմաններով և դրույթներով։

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Ընկերություն
– «ԻՄ ԱՅԴԻ » փակ բաժնետիրական ընկերություն կամ imID, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրված և գործող ընկերություն, որը հանդիսանում է imID Sign հարթակի, ինչպես նաև www.imidsign.am կայքէջի իրավատերը,
imID Sign
– հարթակ, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կառավարել փաստաթղթերի ստորագրման գործընթացը, փոխանակել փաստաթղթեր և imID Ստորագրության նպատակով ուղարկել փաստաթղթի ստորագրության հարցումներ,
Քաղաքականություն
– տվյալների պաշտպանության և գաղտնիության սույն քաղաքականությունը, որը հանդիսանում է Օգտագործման պայմանների անբաժանելի և էական մասը և պետք է մեկնաբանվի Օգտագործման պայմանների հետ միասին,
Օգտագործման պայմաններ
– imID Sign Օգտագործման Ընդհանուր և Հատուկ պայմանները միասին։

1․1. Քաղաքականության և Օգտագործման պայմանների միջև անհամապատասխանության դեպքում գերակայում են Քաղաքականությամբ սահմանված դրույթները։

1․2. Քաղաքականության մեջ կիրառվող մյուս տերմիններն ու սահմանումները մեկնաբանվում են Օգտագործման պայմաններին համապատասխան, եթե Քաղաքականության մեջ այլ բան նախատեսված չէ և/կամ Քաղաքականության կամ ՀՀ օրենսդրության համատեքստից այլ բան չի բխում։

1․3. Եթե Քաղաքականության համատեքստից այլ բան չի բխում, եզակի թվով օգտագործված բառերը ներառում են նաև հոգնակի իմաստը, իսկ հոգնակի թվով օգտագործված բառերը ներառում են նաև եզակի իմաստը։

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

2․1. Քաղաքականությունը կիրառելի է www.imidsign.am կայքէջի, imID Sign հարթակի, դրա ծրագրային ապահովման, հավելվածի և/կամ ծառայության նկատմամբ (այսուհետ միասին՝ «Ծառայություններ»), եթե այլ քաղաքականություն կամ ծանուցում սահմանված և/կամ հրապարակված չէ Ընկերության կողմից:

2․2. Ընկերությունը բարձր է արժևորում Օգտատիրոջ կողմից տրամադրած անձնական և այլ տվյալների (այսուհետ՝ «Տվյալներ») պաշտպանությունը, ձեռնարկում է իրեն հասանելի առավել առաջադեմ բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները դրանք գաղտնի և անվտանգ պահելու համար, ապահովում է, որ անվտանգության մեխանիզմները համապատասխանեն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը, միջազգային լավագույն փորձին և տեխնիկական առաջընթացին։

2․3. Ընկերությունը իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ փոփոխել Քաղաքականությունը՝ փոփոխությունները www.imidsign.am կայքէջում տեղադրելու միջոցով հասանելի դարձնելով Օգտատերերին:

2․4. Օգտատերը պարտավոր է պարբերաբար այցելել www.imidsign.am կայքէջ՝ համոզվելու համար, որ Քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները ընդունելի են: Փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում՝ Օգտատերը իրավունք ունի ցանկացած ժամանակ դադարեցնել imID Sign հարթակի օգտագործումը։

2․5. Քաղաքականության շրջանակներում Տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, և/կամ Քաղաքականության կանոնները ընդունելու արդյունքում ստացված Օգտատիրոջ համաձայնությունը:

3. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

3․1. Ընկերությունը մշակում է․

3․1․1. Տվյալներ, որոնք Օգտատերը անձամբ տրամադրում է Ընկերությանը,

3․1․2. Տվյալներ, որոնք Ընկերությանը հասանելի են դառնում Օգտատիրոջ կողմից imID Sign հարթակը օգտագործելու արդյունքում։

3․2. Օգտատիրոջ կողմից անձամբ Ընկերությանը տրամադրված կամ imID Sign հարթակի օգտագործման արդյունքում Ընկերությանը հասանելի դարձած տվյալները կարող են վերաբերել նաև այլ անձանց, որոնք imID Sign հարթակի Օգտատեր չեն։ Այդ դեպքում Օգտատերը երաշխավորում է, որ ունի տվյալ անձանց համաձայնությունը՝ նրանց վերաբերյալ տեղեկությունները Ընկերությանը փոխանցելու, ինչպես նաև Ընկերության կողմից այդ տվյալները մշակելու և պահպանելու համար։ Օգտատերը կրում է ամբողջ պատասխանատվությունը նման համաձայնության բացակայության կամ երրորդ անձանց իրավունքների խախտման հետևանքով առաջացած ցանկացած պահանջի, վնասի կամ վեճի համար։

3․3. Ընկերությունը Տվյալները մշակում և պահպանում է ՀՀ օրենսդրությամբ, Քաղաքականությամբ սահմանված կարգով և անհրաժեշտ նվազագույն քանակով՝ հիմք ընդունելով Քաղաքականությամբ սահմանված դրույթների վերաբերյալ Օգտատիրոջ համաձայնությունը՝ imID Sign հարթակը Օգտատիրոջ կողմից պատշաճ ձևով օգտագործելու, Ծառայությունները պատշաճ կարգով մատուցելու, imID Sign հարթակի բարելավման և imID ծառայությունների մարքեթինգային նպատակով։

4. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ

4․1. Ընկերության կողմից Տվյալների ստացման և/կամ հավաքագրման եղանակներն են․

4․1․1. Օգտատիրոջ գրանցումը imID Sign հարթակ և imID Sign հարթակի օգտագործման նպատակով Տվյալների տրամադրումը (ներառյալ սակայն չսահմանափակվելով՝ էլ․ փոստի հասցե, անուն, ազգանուն, բջջային հեռախոսի համար, բանկային տվյալներ և այլն),

4․1․2. Օգտատիրոջ կողմից imID Sign հարթակի օգտագործման միջոցով Ընկերությանը հասանելի դարձրած Տվյալներ (ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ IP հասցե, imID Sign հարթակի օգտագործման ժամը, ամսաթիվը, վայրը, Փաստաթղթի ստորագրողները, հաստատողները, դիտողները): Այդպիսի Տվյալները հասանելի են դառնում Ընկերությանը, օրինակ երբ Օգտատերը՝

4․1․2․1. ստեղծում է, ստորագրում է, ուղարկում է, փոխանցում է, ստանում է կամ դիտում է Փաստաթուղթը,

4․1․2․2. ստեղծում է Օգտահաշիվ,

4․1․2․3. կապ է հաստատում Ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ,

4․1․2․4. օգտագործում է (ներառյալ վերբեռնում/ներբեռնում է Փաստաթղթեր) imID Sign հարթակը Ծառայություններից օգտվելու համար։

4․1․3. imID Sign հարթակը օգտագործելու արդյունքում Օգտատերը Ընկերությանը հասանելի է դարձնում նաև Տվյալներ, որոնք վերաբերում են այլ անձանց, երբ․

4․1․3․1. Օգտատերը նախաձեռնում է Փաստաթղթի ստորագրություն և նշում է այլ անձանց վերաբերյալ Տվյալներ (անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե),

4․1․3․2. ավելացնում է նոր Օգտատեր,

4․1․3․3. լրացնում է Ծառայությունների համար վճարող այլ անձանց վերաբերյալ Տվյալներ (օրինակ՝ բանկային տվյալներ, հաշիվ ապրանքագիրը ստացողի վերաբերյալ վավերապայմաններ և այլն)։

5. ՄՇԱԿՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

5․1. Ընկերության կողմից ստացվում և մշակվում են հետևյալ տեսակի Տվյալները․

5․1․1. նույնականացնող (անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստ, բջջային հեռախոսահամար),

5․1․2. imID Sign հարթակը օգտագործելու ընթացքում և/կամ Օգտահաշիվը ստեղծելու ընթացքում Օգտատիրոջ կողմից կամովին տրամադրվող,

5․1․3. առևտրային/գործարքային (վերբեռնված/ներբեռնված/ստորագրված Փաստաթուղթ/Փաստաթղթի բովանդակությունը, բանկային տվյալներ, վճարմանը և վճարողին վերաբերող Տվյալներ, հաշվարկային փաստաթղթում ներառվող տեղեկություններ),

5․1․4. ավտոմատ կերպով ստացվող։

5․2. Ընկերության կողմից ավտոմատ կերպով ստացվող Տվյալներն են․

5․2․1. Սարքի օգտագործմանը վերաբերող Տվյալներ, ներառյալ սարքի մոդելի վերաբերյալ տեղեկատվություն, սարքի IP հասցե, բրաուզերի նույնացուցիչ, imID Sign հարթակի օգտագործման տևողությունը, ամսաթիվն ու ժամը, օգտագործման հաճախականությունը,

5․2․2. Գործարքային Տվյալներ (գործարքի մասնակիցների էլեկտրոնային փոստը, գործարքի առարկան, գործարքում ներգրավված տարբեր անձանց կողմից իրականացված գործողությունների պատմությունը (օրինակ՝ դիտում, ստորագրում, հաստատում) և այդ անձանց ու նրանց սարքերի անձնական տվյալները՝ ինքնություն, էլեկտրոնային փոստ, IP հասցե և այլն)։

6. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ

6.1. Տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց միայն ՀՀ օրենսդրությամբ և/կամ Քաղաքականությամբ սահմանված դեպքերում և կարգով:

6.2. Օգտատերը գիտակցում և համաձայնում է, որ Ընկերությունը իրավունք ունի Տվյալները փոխանցել և/կամ հասանելի դարձնել ստորև նշված երրորդ անձանց՝ այն չափով, որն անհրաժեշտ է/պահանջվում է Քաղաքականությամբ սահմանված նպատակների իրականացման համար․

6.2.1. imID Sign հարթակի մշակման և/կամ Ծառայությունների մատուցումն ապահովելու համար ներգրավված մատակարարներին,

6.2.2. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում,

6.2.3. Օգտատիրոջ կողմից այլ Օգտատերերին կամ դեռևս Օգտատեր չհանդիսացող անձանց՝ Օգտահաշվի միջոցով Փաստաթուղթ ուղարկելու դեպքում,

6.2.4. Այլ երրորդ անձանց՝ Օգտատիրոջ համաձայնության դեպքում։

7. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

7․1. Օգտատերը իրավունք ունի՝

7․1․1. ծանոթանալու Տվյալներին, պահանջելու ուղղել, ուղեպակել կամ ոչնչացնել Տվյալները, եթե դրանք ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակման նպատակներին հասնելու համար,

7․1․2. ցանկացած ժամանակ հետ կանչել իր համաձայնությունը, ինչի արդյունքում այլևս չի կարողանա օգտվել imID Sign հարթակից և Ծառայություններից: Ընկերությունը կդադարեցնի Ծառայությունների մատուցումը և ողջամիտ ժամկետներում կոչնչացնի իր համակարգերում պահպանված Տվյալները,

7․1․3. բողոք ներկայացնել Ընկերությանը, եթե կարծում է, որ Տվյալները մշակվել են խախտումներով՝ support@imidsign.am էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու միջոցով,

7․1․4. բողոք ներկայացնել ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին՝ ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

8. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

8․1. Ընկերությունը պահպանում է Տվյալները ՀՀ օրենսդրությամբ և Քաղաքականությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

8․2. Ընկերությունը պահպանում է, իսկ Օգտահաշվում Փաստաթուղթը հասանելի է լինում՝ այն ստորագրման և/կամ հաստատման ներկայացնելուց հետո 21 (քսանմեկ) օրացուցային օրվա ընթացքում։ Նշված ժամկետի ավարտից հետո՝ Փաստաթուղթը չստորագրվելու և/կամ չհաստատվելու դեպքում, Օգտահաշվում, Օգտատիրոջը և Ընկերությանը Փաստաթուղթը հասանելի է լինում ևս 7 (յոթ) օրացուցային օր, որից հետո ավտոմատ կերպով հեռացվում է և դառնում անհասանելի Օգտահաշվում, Օգտատիրոջ և Ընկերության համար։

8․3. Երբ Փաստաթուղթը ստորագրվում/հաստատվում է բոլոր մասնակիցների կողմից, այն Օգտահաշվում հասանելի է մնում 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում։ Այդ ժամկետի ավարտից հետո Փաստաթուղթն անհասանելի է Օգտահաշվում, Օգտատիրոջ և Ընկերության համար։

8․4. Փաստաթղթի կորստից խուսափելու նպատակով Օգտատերը պատասխանատու է այն սեփական պահպանման կրիչներում պահպանելու համար։

8․5. imID Sign Validator գործիքի միջոցով imID Ստորագրությունը վավերացնելու համար՝ վերբեռնված Փաստաթղթերը փոխանցվում են Ընկերության ենթակառուցվածքին, և Փաստաթուղթ վերբեռնելով՝ Օգտատերը կամ imID Sign հարթակի այցելուն համաձայնություն է տալիս Փաստաթղթի և դրա հետ կապված տվյալների փոխանցմանը Ընկերությանը։

8․6. imID Sign Validator գործիքի միջոցով վերբեռնված և Ընկերության ենթակառուցվածքին փոխանցված Փաստաթղթերը չեն պահպանվում և ավտոմատ կերպով հեռացվում են համակարգից՝ վավերացման ավարտից և բրաուզերի փակվելուց անմիջապես հետո։

9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

9․1. Մշակվող Տվյալները չարտոնված հասանելիությունից, փոփոխությունից, բացահայտումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական, տեխնիկական պաշտպանության միջոցներ՝ ՀՀ օրենսդրության, Ընկերության տեղեկատվական անվտանգության քաղաքականության պահանջների համաձայն և Ընկերության տեխնիկական հնարավորություններին համապատասխան: Ընկերության աշխատակիցների կողմից անընդհատ հսկվող Տվյալների պահպանման համակարգը պաշտպանված է ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող ցանցային և պաշտպանիչ ցանցային երթուղիչների միջոցով։

9․2. Տվյալները հասանելի են Ընկերության աշխատակիցներին միայն Քաղաքականությամբ սահմանված նպատակների իրականացման համար անհրաժեշտ չափով և ժամկետներով: Ընկերության աշխատակիցները և Տվյալներին հասանելիություն ստացած այլ անձինք ստորագրել են գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորությունը, ինչպես նաև զգուշացվել են Տվյալների մշակման ոլորտում ՀՀ գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին: Տվյալները պաշտպանելու նպատակով Տվյալներ պարունակող տեղեկություն ստացող Ընկերության բոլոր գործընկերների հետ կնքվող պայմանագրերը պարտադիր պարունակում են գաղտնի տեղեկատվության (այդ թվում՝ անձնական տվյալների) բացահայտումն արգելող դրույթներ:

10. ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

10.1. Քաղաքականությամբ սահմանված կանոններին Օգտատիրոջ համաձայնությունը գործում է անորոշ ժամկետով մինչև Օգտատիրոջ կողմից հետ կանչելը։

10.2. Տվյալների մշակման համաձայնությունը հետ կանչելու, ինչպես նաև անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու պահանջները Օգտատերը պարտավոր է ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ Ընկերությանը հստակ ներկայացնելով համապատասխան պահանջը: Ընկերությունը համապատասխան դիմումը/պահանջը ստանալու օրվան հաջորդող ողջամիտ ժամկետում դադարեցնում է Տվյալների մշակումը։ Օգտատերը համաձայնում է, որ համաձայնության հետ կանչման դեպքում Ընկերությունը կդադարեցնի ծառայությունների մատուցումը, որի դեպքում՝ ՀՀ օրենսդրության համապատասխան կարգով իրավունք ունի պահպանել Տվյալները:

11. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

11․1. Քաղաքականության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում, Օգտատերը կարող է Ընկերության հետ կապ հաստատել ստորև նշված կոնտակտային միջոցներով՝

Էլեկտրոնային փոստի հասցե
support@imidsign.am,
Հեռախոսահամար
+374 60 85 85 00